12 նոյեմբերի 2020 - 17:08 AMT
Իշխան Սաղաթելյան․ Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ԱԱԾ մեկուսարանից փոխանցել է, որ իրենց պայքարը շարունակվում է, այն այլընտրանք չունի:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը և իր թիմը որոշել են ամեն գնով լռեցնել հայրենիքի կործանման ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին:

«Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում: Մեր կամքն անկոտրում է, հայրենիքի դավաճանները պատասխան են տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև: Այս պահից բոլորս քաղբանտարկյալ ենք մեր երկրում, մինչև կկոտրենք մեզ խեղդող բռնակալության շղթաները», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Նոյեմբերի լույս 12-ի գիշերը ձերբակալվել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով 17 կուսակցության հանրահավաքն առաջնորդած և մասնակից մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Իշխան Սաղաթելյանը։

Նրանք ձերբակալվել են ռազմական դրության ռեժիմի ընթացքում գործող սահմանափակումները խախտելու համար: Նրանք ձերբակալված կմնան, հավանաբար, 72 ժամ։

Նոյեմբերի 11-ի կեսօրից Ազատության հրապարակում հավաքված քաղուժերն ու քաղաքացիները պահանջում են վարչապետի հրաժարականը, նրանք երթով նախ Կառավարության, ապա ԱԺ դիմաց էին հավաքվել։ Երեկոյի դրությամբ՝ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ 20:15-ին նշանակված է Ազգային ժողովի խորհրդի նիստ, այն սակայն հետաձգվել էր քվորում չլինելու պատճառով: