12 նոյեմբերի 2020 - 19:59 AMT
ԱԱԾ նախկին պետ․ Փաշինյանը դավաճան չէ, բայց գուցե վատ կառավարիչ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ, սակայն նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Էդուարդ Համբարձումյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է եղել 1 ամիս՝ հոկտեմբերի 8-ից նոյեմբերի 8-ը, փոխարինել է Արգիշտի Քյարամյանին, ով պաշտոնավարել էր 4 ամիս։

«Վստահեցնում եմ ձեզ, որ Նիկոլ Փաշինյանին դավաճանի պիտակով խարազանելն առնվազն արդար չէ: Այո, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված, կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ»,- գրել է ԱԱԾ նախկին պետը։

Նրա խոսքով՝ Փաշինյանը, միևնույն ժամանակ, հայրենասեր, չկոռումպացված, իր գաղափարներին նվիրված մարդ է, «ով, թույլ տալով ակնհայտ սխալներ, բացթողումներ, ունակ չէ գիտակցաբար գործել ի վնաս մեր հայրենիքի»: ԱԱԾ նախկին տնօրենը հորդորել է նաև հանգիստ թողնել նրա ընտանիքին։

Համբարձումյանը նշել է, որ թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրգործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել։ Ըստ նրա՝ մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում։

Հայաստանում նոյեմբերի 11-ին ընդդիմադիր 17 կուսակցություն բողոքի ցույց է իրականացրել՝ ընդդեմ նոյեմբերի 10-ին կնքված պատերազմի դադարեցման համաձայնագրի։ Կուսակցական մի շարք առաջնորդներ բերման էին ենթարկվել։

«Ձերբակալություններով, խուզարկություններով և այլ ռեպրեսիվ միջոցներով Ձեզ ցանկալի, դրական արդյունքի հասնել չեք կարող, եթե հասնեք էլ` դա լինելու է խիստ ժամանակավոր: Երկրում պետք է օր առաջ անցկացնել արտահերթ ընտրություններ, և եթե Դուք վստահ եք, որ Ձեր գործողությունները ճիշտ են եղել, ժողովուրդը պետք է տա իր գնահատականը` ընտրության արդյունքներով: Երկրի ղեկավարը, ընդունելով, որ պարտություն է կրել, իրավունք չունի չգիտակցել և չընդունել իր մեղքի բաժինը, և պետք է փորձի նոր ընտրություններով կրկին լեգիտիմացնել իր գործունեությունը, այլապես այս անվստահության գաղջ մթնոլորտը շարունակաբար տիրելու է մեր երկրում»,-գրել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմն էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: