12 նոյեմբերի 2020 - 20:07 AMT
Օսիպյան․ Ապօրինի հրամաններ ստացել եմ, չեմ կատարել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը միացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և պատերազմը դադարեցնելու պայմանների դեմ բողոքող ցուցարարներին։

Հարցին, թե արդյոք իր պաշտոնավարման ժամանակ անօրինական հրամաններ ստացել է, թե՝ ոչ, Օսիպյանը պատասխանել է «այո», բայց չի կատարել, ինչպես նաև վարչապետի խորհրդականի պաշտոնում չի գնացել աշխատանքի։

Նրա խոսքով՝ ինքը ժողովրդի կողքին է, բարձրաստիճան սպա է, քաղաքականությամբ չի զբաղվում, իր ներկայությամբ փորձում է նպաստել իր գործընկերների և ժողովրդի մեջ որևէ բախում չունենալուն։

«Համամիտ եմ իմ ընկերոջ հետ, դրա համար էլ եմ այստեղ, որ նա այս պահին ձերբակալված է։ Ես նրան ճանաչել եմ 25 տարի»,- ասել է Օսիպյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ կոլեգաներին ուղղված կոչին՝ չգնալ խղճի դեմ և հանուն պետականության դադարեցնել ապօրինի հանձնարարություններ կատարելը։

«ՀՀ քաղաքացին քաղաքացի է, ինչ կապ ունի, նախկիններում էլ կան նորմալ, լավ անձնավորություններ, բանի պիտանի մեր հասարակությանը, մեր պետությանը և կան, շատ կներեք, սրիկաններ։ Ներկայիս իշխանություններում կան սրիկաներ, որոնք բանի պիտանի չեն, և կան նորմալներ», - նշել է ոստիկանապետը։։

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Կարդացեք նաև՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը