13 նոյեմբերի 2020 - 12:51 AMT
ԱՄՆ․ Քաղանձանց տեղահանումը համավարակի ընթացքում և ձմռան շեմին հումանիտար ճգնաժամի կբերի

ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը և մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ տեղում հումանիտար իրավիճակը խիստ մտահոգիչ է։ Ըստ հայտարարության՝ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ խոցելի խմբերի՝ տարեցների ու երեխաների մասշտաբային տեղահանությունները գլոբալ համավարակի ընթացքում և ձմռան նախաշեմին գրեթե անկասկած հանգեցնելու են անհարկի հումանիտար ճգնաժամի:

«Մենք վերահաստատում ենք կողմերին երկուստեք ուղղված հրատապ կոչերը՝ հետևելու հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը, որը կողմերը վերահաստատել էին հոկտեմբերի 17-ին, ապա նաև հոկտեմբերի 25-ին։ Մենք նաև կողմերին երկուստեք կոչ ենք անում անհապաղ ձեռնարկել հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված քայլերը։

Մենք մշտապես ասել ենք, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում և խորապես ցավում ենք վերջին շրջանի գործողությունների հետևանքով անհարկի կորսված կյանքերի համար, այդ թվում և քաղաքացիական անձանց շրջանում։ Իրավիճակի զարգացմանը և նոյեմբերի 10-ին ձեռք բերված համաձայնության մասին ավելին իմանալուն զուգընթաց մենք պետք է անդրադարձ կատարենք թափանցիկ խաղաղության ապահովման հարցում միջազգային հանրության և ԵԱՀԿ-ին վերապահվող դերակատարմանը»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Կողմերին կոչ է արվում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել բախումների վերսկսման, խուսափել հրահրիչ հռետորաբանությունից և գործողություններից, օգտագործել բախումների դադարեցման ընձեռած հնարավորությունը տևական խաղաղություն կերտելու նպատակով։ ԱՄՆ-ն արտաքին ուժերին հորդորում է գործել պատասխանատու կերպով և խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են նորովի բախումներ հրահրել կամ առավել սրել տարածաշրջանային լարվածությունը:

«Այս հակամարտությունը չափից դուրս երկար է շարունակվում։ Հակամարտության ազդեցության գոտում ու տարածաշրջանում գտնվող մարդիկ շատ բարձր գին են վճարում դրա համար։ Հուսով ենք, որ տևական խաղաղությունը մեր տեսադաշտում է։ Վստահ ենք, որ Մինսկի խումբը պատրաստ կլինի մասնակցել Լեռնային Ղարաբաղում կայուն ու հարատև խաղաղության հաստատմանը»,- նշում են ԱՄՆ-ից։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: