18 հուլիսի 2002 - 22:45 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ
Հայաստանը լավ է գիտակցում Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կարեւորությունը, հետեւողական է այդ հարցում եւ առաջ է ընթանում քայլ առ քայլ: Այդ մասին հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Լիդի Պոլֆերի հետ հանդիպման ժամանակ: Պետության ղեկավարը նշել է, որ «որոշ հարցերում կան ձգձգումներ, սակայն դրանք տեխնիկական բնույթ են կրում եւ կկարգավորվեն ժամանակի ընթացքում»: Ռ.Քոչարյանը համոզվածություն է հայտնել, որ «Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը եւս մի քայլ կդառնա եվրոպական ընտանիքին Հայաստանի լիարժեք ինտեգրվելու ճանապարհին»: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: