13 նոյեմբերի 2020 - 18:11 AMT
ՀՀ նախագահ․ Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին

Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին եռակողմ հայտարարությունը չի որոշում Արցախի վերջնական կարգավիճակը՝ սա Մինսկի գործընթաց չէ, սա եռակողմ փաստաթուղթ է, զինադադար։ Այդ մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև՝ հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Շատ արագ պետք է ամեն բան անել՝ վերադառնալու Մինսկի գործընթացին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ և Ռուսաստանի համանախագահներով, որին տրված է մանդատ՝ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը։ Համապատասխան հայտարարություններ արդեն արվել են Ֆրանսիայի արտգործնախարարի և նախագահի գրասենյակից: Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել է Լավրովի հետ, ԱՄՆ-ից կան ազդակներ, և այս ամենը խոսում է այն մասին, որ գործընթացը վերադառնա Մինսկի խմբին:

Հարցի կարգավորման տեսլականը հետևյալն է՝ վերադառնալ Արցախի հարցի կարգավորման բանակցություններին: Բայց սա բավարար չէ: Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, դրանց հետևում պետք է կանգնած լինեն ուժեղ և հզոր Արցախն ու Հայաստանը և հայ ժողովուրդը»,- ասել է նա:

Նախագահի խոսքով՝ ուժեղ դառնալու համար ռազմական առումով ճանապարհը ժամանակակից բանակ ունենալն է:

«Ապագա պատերազմները լինելու են շատ ավելի բարդ և կոմպլեքս, էլեկտրոնային, ժամանակակից տեխնոլոգիաներով, զինվորները կրթված պետք է լինեն այդ տեխնոլոգիաները կիրառելու համար: Հետևաբար, մեր առջև խնդիր է դրվում կարճ՝ մի քանի տարվա ընթացքում Հայաստանը դարձնել ժամանակակից տեխնոլոգիաների երկիր:

Նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ պետք է անել, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես կապված լինեն հայրենիքի հետ:

«Ժամանակն է, որ կարողանանք կառավարել մեր զգացմունքները և օգտագործենք սառը տրամաբանությունը: Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի երկիրը հզոր դարձնելը, և ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը...

Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այն եռանդը, որ ունեցել ենք, պետք է կրկնապատկենք, որովհետև հսկայական դժվարություններ ունենք՝ պատերազմը և դրա հետևանքները, կորոնավիրուսը, տնտեսության ծանր վիճակը, երիտասարդների կորուստ և նրանցից յուրաքանչյուրի ընտանիքին անպայման աջակցություն: Մեզնից յուրաքանչյուրի, բայց, նախևառաջ, պետության պարտականությունն է, որ զոհվածի յուրաքանչյուր ընտանիք ուշադրության կենտրոնում լինի: Զոհվածների ընտանիքները, մեր վիրավոր տղաները պետք է լինեն պետության անմիջական ուշադրության կենտրոնում»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: