16 նոյեմբերի 2020 - 01:48 AMT
Սիսեռյանը հեռանում է աշխատանքից ու ՔՊ-ից վարչապետի հայտարարությունից հետո

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու ու աշխատանքից ազատման դիմում գրելու մասին։

Նա նշել է, որ որոշումը կայացրել է վարչապետ Փաշինյանի վերջին գրառումից հետո։

Փաշինյանը հայտարարել էր, որ սպասում է Երևանում առաջնագծի զինվորներին, ՝ լուծելու «պատերի տակ վնգստացողների» հարցերը։

Ավելի վաղ Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդազարյանը՝ հիշելով տարիներ առաջ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունը, ասել էր, որ այս պահին որոշվում է, արդյոք դատական իշխանությունը համապատասխանում է Փաշինյանի բնութագրմանը։ Դրանից հետո դատարանը բաց էր թողել նախօրեին վարչապետի սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։