16 նոյեմբերի 2020 - 04:17 AMT
ԱՀ նախագահ․ Ցնցումները կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր խիստ անհանգստությունն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում դրսևորվող անհանդուրժողական ու «բռնությունահեն միտումների առթիվ»:

«Խստագույնս հորդորում եմ ՀՀ ներքաղաքական գործընթացներում ընդգրկված բոլոր ուժերին ու անձանց ցուցաբերել ազգային ու պետական բարձր սրտացավություն ու ողջախոհություն և Հայրենիքը հեռու պահել այնպիսի ցնցումներից, որոնք այս իրավիճակում կարող են դառնալ հայոց պետականության գերեզմանափորը: Ես բոլորից ակնկալում ու պահանջում եմ քաղաքակիրթ երկխոսությամբ և բացառապես սահմանադրական ճանապարհով կարգավորել ներքին տարաձայնությունները, որպեսզի մենք ի վիճակի լինենք Հայրենիքը տանել կայուն ու երկարատև զարգացման ճանապարհով», - նշել է նա։

«Այս համատեքստում որոշում եմ կայացրել Արցախում ակտիվացնել քաղաքական խորհրդատվությունները բոլոր ուժերի ու գործիչների հետ՝ քննարկելու համար և՛ Արցախի հետպատերազմյան վերականգնման ու պետական կառավարման համակարգի բարեփոխման, և՛ համահայկական օրակարգի կարևորագույն հարցերը: Հուսամ, որ հնարավոր կլինի երկխոսության նույն մթնոլորտը ձևավորել նաև Հայաստանի Հանրապետությունում», - ընդգծել է Հարությունյանը։

Նոյեմբերի լույս 16-ի գիշերը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ սպասում է Երևանում առաջնագծի զինվորներին, ՝ լուծելու «պատերի տակ վնգստացողների» հարցերը։ Նոյեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդազարյանը՝ հիշելով տարիներ առաջ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունը, ասել էր, որ այս պահին որոշվում է, արդյոք դատական իշխանությունը համապատասխանում է Փաշինյանի բնութագրմանը։ Դրանից հետո դատարանը բաց էր թողել նախօրեին վարչապետի սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

Փաշինյանի հայտարարությանը հետևեցին իմքայլական 3 պատգամավորի գործողությունները․ Գայանե Աբրահամյանը վայր դրեց մանդատը, Թագուհի Թովմասյանը լքեց խմբակցությունը, Լուսինե Բադալյանը խոստացավ վայր դնել մանդատը դաշինքի՝ անհապաղ քայլեր չձեռնարկելու դեպքում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ Փաշինյանին սխալ են հասկացել, իսկ ՄԻՊ-ը հայտնեց, որ պատգամավորներից մեկի հասցեին հնչել են սպանության սպառնալիքներ։