16 նոյեմբերի 2020 - 11:06 AMT
ՀՀ նախագահը հանդես կգա ուղերձով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն, և հայտարարել, որ նոյեմբերի 16-ի երեկոյան հանդես կգա ուղերձով։

«Այս օրերին բոլորս անհանգստություն ու ցավ ենք ապրում, ոմանք՝ բարձրաձայն, ոմանք՝ անձայն, ոմանք՝ ի լուր բոլորի, ոմանք՝ իրենց հոգու ներսում։ Բայց բոլորիս ցավը նույնն է՝ Հայրենիքը:

Կոչ եմ անում լինել սթափ, պահպանել զսպվածություն և զգոնություն: Այսօր երեկոյան հանդես կգամ ուղերձով»,- ասվում է հայտարարության մեջ։

Նոյեմբերի լույս 16-ի գիշերը վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ սպասում է Երևանում առաջնագծի զինվորներին՝ լուծելու «պատերի տակ վնգստացողների» հարցերը։ Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Ռուբեն Վարդազարյանը՝ հիշելով տարիներ առաջ Փաշինյանի՝ «պատերի տակ վնգստացող» դատավորների մասին արտահայտությունը, ասել էր, թե այս պահին որոշվում է՝ արդյոք դատական իշխանությունը համապատասխանում է Փաշինյանի բնութագրմանը։ Դրանից հետո դատարանը բաց էր թողել նախօրեին վարչապետի սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին։

Փաշինյանի հայտարարությանը հետևեցին իմքայլական 3 պատգամավորի գործողությունները․ Գայանե Աբրահամյանը վայր դրեց մանդատը, Թագուհի Թովմասյանը լքեց խմբակցությունը, Լուսինե Բադալյանը խոստացավ վայր դնել մանդատը դաշինքի՝ անհապաղ քայլեր չձեռնարկելու դեպքում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, որ Փաշինյանին սխալ են հասկացել, իսկ ՄԻՊ-ը հայտնեց, որ պատգամավորներից մեկի հասցեին հնչել են սպանության սպառնալիքներ։