16 նոյեմբերի 2020 - 16:01 AMT
ԱԳ նախարարը հեռանում է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, հայտարարել է ինքը՝ վարչապետը։

Վարչապետի հայտարարությունից ավելի ուշ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարականի դիմում է գրել ու տեղադրել դիմումից լուսանկար։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: