16 նոյեմբերի 2020 - 23:30 AMT
Նախագահն արտահերթ ընտրություններ ու ազգային համաձայնության կառավարություն է առաջարկում

Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ իր հետ խորհրդակցությունների եկած խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը, Սփյուռքի ներկայացուցիչները Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ են ցանկանում։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

«Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժն օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ որոշումը բխում է համապետական շահերից։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: ՀՀ-ում բողոքի ցույցեր են՝ վարչապետի հրաժարականի պահանջով։