17 նոյեմբերի 2020 - 14:41 AMT
Հայ-թուրքական մրցակցություն՝ անգամ Covid-19-ի դեմ պատվաստանյութի հարցում

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնած Moderna ընկերությունը և թուրք ամուսինների հիմնադրած BioNTech-ը, որը գործակցում է ամերիկյան Pfizer-ի հետ, առաջատար դիրքեր են զբաղեցնում ԱՄՆ-ում ու աշխարհում Covid-19-ի դեմ պատվաստանյութի մշակման գործում։

Արդեն հայտարարվել է, որ Աֆեյանին պատկանող Moderna-ի պատվաստանյութը 94.5% արդյունավետություն ունի։

Գերմանիայում թուրք զույգի՝ Ուգուր Շահինի ու կնոջ՝ Օզլեմ Թուրեչիի հիմնադրված BioNTech ընկերությունը, որն այժմ $25 մլրդ-ի արժեք ունի, ևս հաջողությամբ աշխատում է կորոնավիրուսի պատվաստանյութի վրա։

BioNTech-ի և Pfizer ընկերություններից հայտարարել էին, որ Շահինի թիմի մշակած պատվաստանյութը 90%-ից ավելի արդյունավետություն է ցույց տվել փորձարկմանը մասնակցած կամավորների մոտ։

Moderna-ն կորոնավիրուսի ուսումնասիրմամաբ սկսել է զբաղվել 2020-ի հունվարից, փետրվարից անցել պատվաստանյութի կլինիկական ուսումնասիրությունների։

BioNTech-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա սկսել է աշխատել 2020-ի հունվարից, ապա մարտից աշխատանքները համատեղել Pfizer ընկերության հետ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ պատվաստանյութի հաստատումից հետո Moderna-ն պատրաստ է 20 մլն դեղաչափ մատակարարել միայն ԱՄՆ-ին՝ մինչև տարեվերջ։ Pfizer-ից, ընդհանուր առմամբ, 50 մլն դեղաչափ մատակարարելու մասին պատրաստակամություն են հայտնել։

Ավելի վաղ հայտարավել էր, որ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը 92% է։ Նոյեմբերի 17-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն ացնում է 55 մլն-ը, 1․3 մլն-ից ավելի մարդ է մահացել վիրուսից։