24 փետրվարի 2009 - 20:58 AMT
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ցուլի պատկերով ոսկե հուշադրամ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է ցուլի պատկերով ոսկե հուշադրամ: Ծրագրում ներառված են կենդանակերպի տասներկու նշանները: Այդ մասին հաղորդվում է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում:

Հաղորդագրության համաձայն, հուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքեւ շրջագծով հայերեն եւ անգլերեն անվանական արժեքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշված է թողարկման տարեթիվը` «2009»:

Հուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրա ցուլի պատկերն է: Վերեւի աջ ասում պատկերված է ցուլ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Դարձերեսի դաշտի ձեւավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր:

Հուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը:

Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ հաղորդագրության մեջ, թողարկվել է յուրաքանչյուրը 10 000 դրամ անվանական արժեք ունեցող 10 000 ոսկե հուշադրամ. Հուշադրամը պատրաստվել է 9000 հարգի ոսկուց, 22,0 մմ տրամագծով, 8,6 գ քաշով: