17 նոյեմբերի 2020 - 15:25 AMT
ՊԲ․ Շփման գծում հրադադար է, բնականոն գործունեության ենք անցել

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում է լիարժեքորեն պահպանվել հրադադարի ռեժիմը, փոխանցում են Պաշտպանության բանակից։

ՊԲ-ն անցել է իր բնականոն գործունեությանը՝ առաջադրված խնդիրների կատարման համար ներգրավվելով անհրաժեշտ ուժեր ու միջոցներ:

Մշտական տեղակայման վայրերում իրականացվում են պլանային միջոցառումներ: Մարտական հերթափոխի փոխարինման ու զինծառայողների սոցիալ-կենցաղային ապահովման գործընթացը մտնում է բնականոն հունի մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: