«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանի՝ 1000+ հիմնադրամին ամսական 25,000 դրամ փոխանցելու կոչին արդեն 100 մարդ է միացել։
«Մնաց գտնել 999,900 հոգու»,- ասվում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Ավետիքյանը նոյեմբերի 14-ին կոչ էր արել ամսական 25,000 դրամ կամ 50 դոլար/եվրո նվիրաբերի 1000+ հիմնադրամին:
«Այս պահին կոչին միացել է հարյուր հոգի: Անչափ շնորհակալ ենք: Թվում է, թե 1 միլիոնը մեծ թիվ է: Ոչ: Որպեսզի 1 միլիոն մարդ ամեն ամիս կանոնավոր նվիրաբերություն անի մեր սուրբ հայրենիքը պաշտպանած հերոսների ընտանիքների բարօրության համար, ընդամենը անհրաժեշտ է 215 մարդ, որոնք ոչ միայն կնվիրեն այդ գումարը, այլև իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու, որոնք իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և որոնք էլ իրենց հերթին կհամոզեն ևս 5 հոգու և այդպես շարունակ:
Այս թիվը հնչեցնում ենք հաշվի առնելով 70% ձախողման հավանականությունը: Խնդրում ենք չվհատվել, այլ զինվել համբերությամբ, հաստատակամությամբ ու համոզել: Մենք անպայման գտնելու ենք այդ 999,900 հոգուն: Չանելու շքեղությունը չունենք»,- ասվում է գրառման մեջ։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է տրամադրում յուրաքանչյուր զոհված զինծառայողի ընտանիքի անդամին, մարտական գործողությունների ընթացքում առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ստացած վիրավոր զինծառայողին կամ կամավորին. մոտ 60 հազար դոլարից մինչև 170 հազար դոլար է կազմում հատուցվող գումարը։