17 նոյեմբերի 2020 - 18:55 AMT
Փորձագետ․ Ադրբեջանական ֆեյքերը ԼՂ-ի պատերազմի մասին կեղծ լուր են տարածել հայալեզու լսարանի համար

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմի ընթացքում համացանցի հայալեզու հատվածում ապատեղեկատվություն է տարածվել կեղծ (fake) օգտահաշիվներից, դրանք հիմնականում ղեկավարվել են Ադրբեջանից, Թուրքիայից և Մեծ Բրիտանիայից, հայտնել է DataLocator ընկերության մոնիթորինգի, վերլուծության և ինֆորմացիայի մշակման բաժնի ղեկավար Էդգար Գրիգորյանը, փոխանցում է RT-ն։

Նա նշել է, որ պատերազմի ընթացքում օգտագործվել են սոցցանցերի կեղծ հաշիվներ, որոնցից որոշները մի քանի տարի առաջ են բացվել։ Սեպտեմբերից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում միայն 6498 կեղծ հաշիվ է բացահայտվել, դրանց 31%-ի դեպքում IP հասցեները գտնվել են Ադրբեջանում, 21%-ի՝ Թուրքիայում և մոտ 19%-ի` Մեծ Բրիտանիայում։

Ըստ մասնագետի՝ կեղծ հաշիվները հիմնականում տարածել են հակառուսական տրամադրություններ, ապա նաև ինֆորմացիա այն մասին, թե հայկական բանակն ամենուր հաղթում է։

«Դա, առաջին հերթին, մարդկանց օբյեկտիվությունից հեռացնում է։ Երկրորդ վեկտորն ուղղված է ներքաղաքական օրակարգի բռնկմանը՝ քննադատությունը և հայկական քաղաքական ուժերի բաժանումը 2 ճամբարի։ Հետո նրանք սկսեցին հակադրվել միմյանց ու իրար դեմ ելնել։ Օրինակ՝ ռազմական գործողություններից մեկ շաբաթ անց «բաց թողնվեց» միտքը, թե Փաշինյանն արդեն ամեն ինչ վաճառել է ու հանձնել Ղարաբաղը, որ ամեն ինչ արդեն որոշված է»,-ասել է փորձագետը։

Գրիգորյանի խոսքով՝ կեղծ օգտահաշիվների հասցրած վնասը բարոյականից մինչև իմիջային առումներով՝ բավականաչափ լուրջ է․ տեղեկատվական այդ հոսքերը, միայն մեկնաբանությունների տեսքով, հասանելի են եղել 20 մլն-ից ավելի օգտատիրոջ։

«Եթե չլիներ այդ «լցոնումները», ապա տեղեկատվական պատերազմում հայերը կստանային հավաստի ինֆորմացիա։ Ընդ որում, այլ հետաքրքիր փաստ էլ կա․ նույն Ադրբեջանում հենց այնպես չէ, որ սկսել էին դադարեցնել ինտերնետ հասանելիությունը։ Այսինքն, մարդիկ, որոնք այս ամենը նախապատրաստել էին, նախ պաշտպանություն էին կառուցել իրենց ցանցում, ապա սկսել հարձակողական մասը»,-եզրափակել է Գրիգորյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: