Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզ է ներկայացրել՝ հավելելով, որ 2021-ի հունիսին հանդես կգա դրա իրագործման հաշվետվությամբ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա հավելել է, որ եկել է ժամանակը խոսելու ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիների, մեթոդների և ծրագրերի մասին:
«Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու և երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլև ամբողջությամբ լծված եմ այդ գործին»,-ասվում է գրառման մեջ:
Առաջարկվող ամենակարևոր անելիքների ճանապարհային քարտեզը հետևյալն է.
1. Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ:
2. Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:
3. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
4. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում:
5. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:
6. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
7. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:
8. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:
9. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:
10. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:
11. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:
12. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:
13. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:
14. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
15. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ:
Նշվում է, որ այս ամենի կարևորագույն նպատակը Հայաստանի ժողովրդավարական կայունության ապահովումն է և երաշխիքների ստեղծումը, որ Հայաստանում իշխանության ձևավորմանը ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով որևէ բան չի սպառնում:
«Այս ճանապարհային քարտեզի իրագործման համար կառավարության կազմում փոփոխություններ եմ իրականացնում։ Փոփոխությունների իմաստը և նպատակը կլինի վերը նշված ծրագրի առավել արդյունավետ իրականացումը և կառավարության կազմի առավելագույն հարմարեցումը հենց նշված ճանապարհային քարտեզի իրագործմանը:
Այս միջոցառումների իրագործումն անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա դնելը կտևի վեց ամիս: 2021-ի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ:
Ուզում են նաև առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ պետական կառավարական համակարգի ախատակիցներին, ինչպես նաև ՀՀ ԱԺ «Իմ Քայը» խմբակցությանը այս դժվարին ժամանակահատվածում ցուցաբերած աշխատանքի և համախմբվածության համար։ Մենք շատ աշխատանք ունենք կատարելու և պարտավոր ենք հաջողել։ Ի գործ»,-ասվում է գրառման մեջ։
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:
Նոյեմբերի 10-ից սկսած ընդդիմությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։