18 նոյեմբերի 2020 - 16:33 AMT
Մարտակերտի 7 գյուղ անցնում է Ադրբեջանին․ 2000-ից ավելի բնակիչ կտեղափոխվի

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն նոյեմբերի 10-իի հայտարարության, փոխանցում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում գյուղերի 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի և այլ միջոցների ապահովման ուղղությամբ:

Հայտարարության մեջ նշված է, որ մինչև նոյեմբերի 20-ն Աղդամի շրջանը պետք է վերադարձվի Ադրբեջանին: Նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակնա բնակավայրը (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: