18 նոյեմբերի 2020 - 18:35 AMT
ՊԲ․ Փոխգնդապետ Քարամյանը 600 զինծառայողի է հանել շրջափակումից

Փոխգնդապետ Արթուր Մարտիկի Քարամյանը մարտական բարդ իրավիճակում գրագետ ու սառնասիրտ գործողություններով շրջափակումից հանել է 600 զինծառայողի:

Քարամյանի ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 տանկ, ևս 3-ն առգրավվել է, թշնամական կողմն ունեցել է մարդկային լուրջ կորուստներ, հայտնում են պաշտպանության բանակից:

ՊԲ-ից պատմել են նաև այլ զինծառայողների սխրանքների մասին։

Շարքային Սուրեն Արիկի Գաբրիելյանը խոցել է թշնամական 4 ՀՄՄ-2, 2 ՀՄՄ-3 և 2 տանկ:

Հակառակորդի 6 տանկ էլ ոչնչացրել է լեյտենանտ Տիգրան Կարենի Պետրոսյանը:

ՊԲ զինծառայող, փոխգնդապետ Ռյուրիկ Օլեգովիչ Սեմյոնովը ոչնչացրել է զինամթերքով բեռնված թշնամական 2 «Կամազ» 1 ՊԶՄ, հակատանկային 2 դասակ, 3 տանկ, հետևակի մարտական 8 մեքենա, 1 հրետանային «ՏՌ» կայանք, 2 ավտոտեխնիկա:

Հակառակորդի 3 տանկ է ոչնչացրել շարքային Մարտին Վարդգեսի Բաբախանյանը, ու ևս 2 տանկ՝ սերժանտ Կարապետ Սեյրանի Հարությունյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: