18 նոյեմբերի 2020 - 19:50 AMT
Փաշինյանը Հրապարակ եկած իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հավաքը

Նոյեմբերի 18-ի երեկոյան Ազատության հրապարակում հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները, իսկ Հանրապետության հրապարակում՝ նրա աջակիցները, որոնց մի մասը կրում է զինվորական համազգեստ։

Սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությամբ հավաքներն օրենքով արգելված են:

Փաշինյանը դուրս է եկել աջակիցների հետ հանդիպման և հորդորել դադարեցնել հավաքը, երբ անհրաժեշտություն լինի, ինքը կհրավիրի։

«Ես ձեզ խոստանում եմ` ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ»,- ասել է նա։

Ավելի վաղ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կոչ էր արել իրենց համակիրներին չհավաքվել և չմասնակցել ցույցերի։

Նոյեմբերի 15-ին Փաշինյանը գրառում էր արել, որում նշում էր, որ սպասում է զինվորներին Երևանում` «վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Գրառումից հետո «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ հայտարարել էին իրենց մանդատը վայր դնելու մասին։