19 նոյեմբերի 2020 - 12:49 AMT
Ադրբեջանցիներն Ավետարանոցում անարգել են Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը

Ադրբեջանցիները «հրաձգության պարապմունքներ են» անցկացրել՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում գտնվող 1941-1945 թվականներին Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը օգտագործելով որպես պատվանդան։

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կրակում հուշարձանի վրա դրված շշին։

Ավելի վաղ տեսանյութեր էին հայտնվել նաև Շուշիի սբ Ամենափրկիչ Ղազանչեցող, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիների, Վազգեն Սարգսյանի արձանի և այլ հուշարձանների վանդալիզմից։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: