19 նոյեմբերի 2020 - 15:30 AMT
Զախարովա․ Նոյեմբերի 13-ից ԼՂ-ում կողմերը 385 մարմին են փոխանակել

Ադրբեջանն ու Հայաստանը նոյեմբերի 13-ից Լեռնային Ղարաբաղում զոհվածների 385 մարմին են փոխանակել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ թիվը ներառում է երկու կողմերի զոհերին»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 3000 փախստական: «Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 3054 փախստական»,-ասել է նա։

Ըստ դիվանագետի, Ռուսաստանի ջանքերը հնարավորություններ են ստեղծում ԼՂ հակամարտության երկարաժամկետ հնարավորություններ։ Նա հավելել է, որ նոյեմբերի 17-19-ին Մոսկվայում են գտնվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք խորհրդակցություններ են ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնություն է ձեռք բերվել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Բացի այդ, Արցախը Ադրբեջանին է հայձնում Շուշին, Բերձորը և Քարվաճառը։ Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: