Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը:
Զրուցակիցները քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:
Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:
Ֆրանսիայի սենատը նոյեմբերի 25-ին քննարկելու է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը։ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի ընդունած բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, գործադիրը դրանք ընդունում է ի գիտություն և պարտավոր չէ կատարել:
Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: