20 նոյեմբերի 2020 - 14:31 AMT
Տոնոյանն ազատվել է ՊՆ ղեկավարի պաշտոնից, նոր նախարարը Վաղարշակ Հարությունյանն է

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանը ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվել է 1999-2000 թվականներին այդ պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանը։

Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է 2018 թվականի մայիսի 11-ին` հեղափոխությունից հետո։ Մինչ այդ նա զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Նախկինում եղել է նաև պաշտպանության փոխնախարար։

Ավելի վաղ Տոնայանի հրաժարականն էր պահանջել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պատերազմը դադարեցնելու հայտարարություն է ստորագրել։

Կարդացեք նաև․ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների հայտարարությունը․ ՀՀ-ն Բաքվին է փոխանցում Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը