20 նոյեմբերի 2020 - 17:30 AMT
Ռիտա Սարգսյանը մահացել է

58 տարեկանում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը: Այս մասին հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը:

Նոյեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակված Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է, ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի ուշ նրան տեղափոխել էին արտերկիր:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան տեղափոխել էին Գերմանիայի բժշկական կենտրոններից մեկը։

Սարգսյանը ծնվել էր 1962 թվականին՝ Ստեփնակերտում։ 2010 թվականից նա արյան քաղցկեղ և այլ ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին օգնող «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հիմնադրամի ջանքերով վերակառուցվել և վերազինվել է Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը։

Առաջին տիկինը 2011 թվականին ստեղծել է «Արագիլ» հիմնադրամը: Դրա նպատակն է աջակցել սոցիալապես անապահով զույգերին արհեստական բեղմնավորման միջոցով երեխա ունենալ: Նրա ջանքերով 2012-ին ստեղծվել է «Աուտիզմ» ազգային հիմնադրամը, որի միջոցներով կառուցվել է հատուկ դպրոց։