21 նոյեմբերի 2020 - 13:38 AMT
Սենտ Էտիենի քաղխորհուրդը €30,000-ի հումանիտար օգնություն է ուղղել՝ կոչ անելով Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը

Ֆրանսիական Սենտ Էտիենի քաղաքային խորհուրդը դիմել է երկրի կառավաությանը՝ կոչ անելով անհապաղ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել և փուլ առ փուլ բանակցությունների միջոցով կայուն և խաղաղ լուծում գտնել` երաշխավորելով խաղաղ բնակչության անվտանգությունը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են նաև, որ քաղխորհուրդը որոշել է նաև 30,000 եվրոյի օժանդակություն տրամադրել տեղի հայկական հիմնադրամին՝ ուղղված խաղաղ բնակչության կարիքներին։

Ըստ քաղխորհրդի՝ ԼՂ-ում ստատուս քվոն երբևէ չի հանգեցրել քաղաքական կայուն լուծման, «քանի որ Մինսկի խմբի անդամ երկրները, որոնց թվում է Ֆրանսիան, կարծես թե շատ հետաքրքրված չէին բոլոր կողմերի համար ընդունելի ելքի որոնմամբ»:

«Ռուսական զորքերի տեղակայումը երբեք չի կարող քաղաքական լուծում հանդիսանալ։ Մինչդեռ, սա թույլ է տալիս Մոսկվային ամուր և կայուն ձևով հաստատվել ռազմավարական նշանակության այս տարածաշրջանում։ Այսուհետ ժամանակն է խոստովանել, որ Մինսկի խումբը մեծամասամբ ձախողել է իրեն վստահված առաքելությունը։ Ֆրանսիան՝ Եվրամիության անունից, պետք է կարողանա նշանակալից դեր խաղալ քաղաքական, խաղաղ և մասնավորապես հարատև լուծման որոնման հարցում՝ ելնելով Հայաստանի հետ ունեցած պատմական կապերից։ 2017-ից ի վեր Ադրբեջանն օգտվում է ֆրանսիական դիվանագիտության լռությունից»,- հայտարարել են Սենտ Էտիենի քաղխորհրդից՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ին դադարեցված հակամարտությունն ամենևին էլ չի ավարտվել։

Ավելի վաղ Մարսելի քաղխորհուրդը բանաձևով կոչ էր արել Ֆրանսիային ճանաչել Արցախի անկախությունը։ Նոյեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի ճանաչման մասին կոչն ընդունելուց մի քանի ժամ անց Ֆրանսիայի Սենատը որոշել էր քվերակության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրաեպտության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ։

Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։