Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է իր ռուս պաշտոնակից Եվգենի Զինիչևին, ում հետ քննարկել է հետպատերազմական իրավիճակում ստեղծված իրողությունները և պատերազմի հետևանքների հաղթահարման հնարավորությունները։
Փիլոյանը կարևորել է ռուս գործընկերների արդյունավետ փոխգործակցության պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ ամեն ինչ կարվի՝ հումանիտար աղետը կանխելու, պատերազմից հետո խաղաղ բնակչությանը բնականոն կյանքի վերադարձնելու համար:
Նշվում է, որ հումանիտար աջակցության ոլորտում առաջիկա անելիքների մանրամասները քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում:
Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ սեպտեմբերի 27-ից Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել։ Դրա կետերից մեկով ԼՂ շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահներ են տեղակայվել։