Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, PanARMENIAN.Net-ին ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը:
Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ ՔՕ-ի՝ արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարով:
Հակոբյանը մի շարք հայտարարություններ էր արել սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի մասին՝ խոսելով զենքերի գնման, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումների, զինվորականների գործողությունների մասին։ Ասուլիսից հետո վարչապետի խոսնակը հայտնել էր, որ Հակոբյանի հայտարարություններով պետք է իրավապահները զբաղվեն։
Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր պատերազմը դադարեցնելու մասին Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հետ հայտարարություն ստորագրելու մասին։ Հայտարարությամբ ՀՀ-ն և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած բնագծերում, բացի այդ, հայկական կողմը Ադրբեջանին է հանձնում Աղդամը, Քարվաճառը, Բերձորը։ Իսկ շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով ռուս խաղաղապահներ են տեղակայվում։ Նոյեմբերի 10-ից երկրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվում։
Ընթերցեք նաև․ Մովսես Հակոբյանը՝ վարչապետի հրամանների, ԳՇ նախկին պետի ու Աննա Հակոբյանի մասին