21 նոյեմբերի 2020 - 16:16 AMT
ՀՀ-ն և ՌԴ-ն ստորագրել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների գործողությունները կարգավորող փաթեթը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհետ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանում հանդիպումներից հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Բաքու։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: