21 նոյեմբերի 2020 - 22:08 AMT
Լավրովը հուսով է` հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը կաճեն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ ՌԴ ԱԳՆ փոխացմամբ՝ վերջինս նշել է, որ ՌԴ-ն ակնկալում է, որ երկրների առևտրատնտեսական և ներդրումային կապերը կաճեն։

Նրա խոսքով՝ դրանք ամենաքիչն են տուժել կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակաշրջանում՝ ընդամենը 7%:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարարին՝ առաջին հերթին՝ այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։

Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։

«Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին։ Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ: Մեր երեխաները, բարեկամները և ոչ բարեկամները հետևելու են, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս այս իրավիճակից։ Եթե նա դուրս գա արժանապատվորեն, միասնական, այդ դեպքում կարող ենք ասել, որ մենք ուժեղ ազգ ենք»,- -նշել է նախագահը։

Լավրովն ասել է, որ հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո, իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։

«Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»,- նշել է նա։