23 նոյեմբերի 2020 - 13:07 AMT
Նորվեգացի դիվանագետը բռնել է հայկական եկեղեցին «աղվանական» ներկայացնող Ադրբեջանի մշակույթի փոխնախարարի սուտը

Բաքվում 2002-2006 թվականներին Նորվեգիայի դեսպան Սթեյնար Գիլն արձագանքել է Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Անար Կարիմովի գրառմանը, որում նա ադրբեջանցիների կողմից «վերականգնված» հայկական եկեղեցին ներկայացրել է որպես «աղվանական»։

Նորվեգացի դիվանագետը գրել է, որ եկեղեցին կառուցվել է 1823 թվականին և պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն։ Նախկին դեսպանի խոսքով՝ այն վերականգնվել է 21-րդ դարի սկզբին նորվեգական հումանիտար կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։

Ըստ Գիլի՝ 2004 թվականի դեկտեմբերին՝ մինչև ռեստավրացիայի ավարտը, մաքրվել են եկեղեցու պատերի հայերեն արձանագրությունները։ Նա կցել է եկեղեցու ջնջված հայերեն գրությունների նկարն ու գրել, որ վանդալիզմի մասին Բաքվի իշխանությունները տեղյակ են պահվել, սակայն որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։

Գիլը նախկինում նույնպես խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը, որը զբաղվում է հայկական ճարտարապետության աղվանացմամբ:

Ադրբեջանի պաշտոնական տարածքում գտնվող հայկական ժառանգությունը որպես աղվանական ներկայացնելու հեղինակներից մեկը «պատմաբան» Ֆարիդա Մամեդովան է։

Ըստ Լեռնային Ղարաբաղի մասին «Սև այգի» աշխատության հեղինակ, Քարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դը Վաալի` Մամեդովան Աղվանքի պատմությունն ուսումնասիրելուց հետո վերցրել է աղվանական տեսությունը և դա օգտագործելով` փորձում է հանել հայերին Կովկասի պատմությունից։ Նա տեղադրել է Աղվանքը այժմյան Հայաստանի տարածքում. ՀH ամբողջ տարածքը՝ բոլոր եկեղեցիները և վանքերը կոչելով «աղվանական»։ 1975 թվականին Մամեդովան Գանձասարի վանք է այցելել և կարդացել տաճարի ճակատին գրած փորագրությունը «Ես Հասան Ջալալն եմ, կառուցել եմ այս եկեղեցին Աղվանքի իմ ժողովրդի համար...», ինչից հետո նա վերագրել է այդ գրությունն անտիկ Աղվանքի բնակչությանը։

Ադրբեջանում նման կերպ փորձում են ժխտել այդ տարածքներում հայերի բնակվելու փաստը: