24 նոյեմբերի 2020 - 18:44 AMT
Պուտին․ Նախադրյալներ են ստեղծվում արդար հիմքի վրա ԼՂ հակամարտության կարգավորման համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղում իրավիճակի կայունացման նախադրյալներ են ստեղծվում՝ հաշվի առնելով Երևանի և Բաքվի շահերը։

«Նախադրյալներ են ստեղծվում արդար հիմքի վրա ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ և լիարժեք կարգավորման համար, ի շահ հայ և ադրբեջանցի ժողովրդների»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Սկսում է աշխատել հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնը, որն օգնություն է ցուցաբերելու տուժածներին, վերականգնելու է ենթակառուցվածքները, պայմաններ է ձևավորելու նորմալ, խաղաղ կյանքի համար։ Հուսով ենք, որ միջազգային կազմակերպությունները կմասնակցեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հետագա գործընթացին», - ասել է նա:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը մեծ տարածքային կորուստներ ունեցավ՝ նահանջելով 4 տարածքից և Հադրութից։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը կորցրեց Շուշին, հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։