24 նոյեմբերի 2020 - 19:13 AMT
Պուտինը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Արցախում խաղաղապահների աշխատանքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը, փոխանցում են Կրեմլից։

Պուտինը ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հետ հեռախոսով զրուցել է նոյեմբերի 23-ին ու 24-ին։

«Քննարկվել են ԼՂ-ի տարածաշրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը և բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հետագա քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական փոխգործակցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման խնդիրներին», - ասվում է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։