25 նոյեմբերի 2020 - 11:41 AMT
Ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 11,000 փախստականի վերադարձն Արցախ

Ռուս խաղաղապահները նոյեմբերի 14-ից ի վեր ապահովել են ավելի քան 11,000 փախստականի վերադարձն Արցախ։

«Ռուս խաղաղապահները ապահովում են ավտոտրանսպորտի անվտանգ երթևեկությունը Լաչինի ճանապարհով դեպի Լեռնային Ղարաբաղ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ խաղաղապահներն օգնում են տեղի իշխանություններին վերականգնել խաղաղ կյանքը։ Խաղաղապահ ուժերի ինժեներային ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական օբեյկտներում և բնակելի տներում տաքության ապահովումը։ Իսկ ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ուղեկցում են ավտոտրանսպորտը, որն առաջին անհրաժեշտության ապրանքներ է տեղափոխում հեռավոր բնակավայրեր։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Photo. TASS