25 նոյեմբերի 2020 - 17:30 AMT
Հայ ռազմագերիներին գլխատել են, ծաղրել, կտրել ականջը. Դատախազությունն ապացույցները գործընկերներին կներկայացնի

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներ են եղել, գնդակահարվել են հայ ռազմագերիներ, հայ գերիների ականջ է կտրվել, նրանք խոշտանգվել ու ծաղրի են ենթարկվել, ստիպել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, իսկ կատարվածների մասին փաստող տեսանյութերը հայտնվել են համացանցում:

Դատախազությունը հայտնում են, որ Ադրբեջանը խախտել է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից` Ժնևի 1977թ. 1-ին Լրացուցիչ արձանագրության մի քանի դրույթներ, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերից որոշները։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգելու, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու դեպքերի մասին:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ միջոցներ են ձեռնարկում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացված գործողությունների վերաբերյալ փաստերը գործընկեր դատախազական միջազգային կառույցներին ներկայացնելու համար: Միջոցներ են ձեռնարկվում նաև դեռևս ողջ, առանձին դեպքերում վիրավոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ նման հանցավոր դրսևորումների փաստերով քրեական հետապնդումներ ապահովելու, դրանց դատապարտման, տուժած անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ գտնելու համար:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։