25 նոյեմբերի 2020 - 18:07 AMT
ՀՀ նախագահ. Վարչապետ դառնալու հավակնության մասին խոսք լինել չի կարող

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Հանրային հեռուստատեսության «Լուրերին» հարազրույցում անդադառնալով վարչապետ դառնալու հնարավոր հավակնություններին, ասել է, որ հավակնության մասին նույնիսկ խոսք լինել չի կարող։

Սարգսյանը հավելել է, որ պատրաստ է ժողովրդի կողմից ընտրված ցանկացած կառավարության և վարչապետի հետ աշխատել։

Նրա կարծիքով՝ երկիրն ու հայ ազգը խորը ճգնաժամի մեջ են։

«Ճգնաժամը չի որոշվում փողոցում մարդկանց քանակով, իսկ ՀՀ-ում իրոք խորը ճգնաժամ է։ Եվ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ հայ ժողովրդի շրջանում։ Ճգնաժամ է նաև միջազգային հարաբերություններում՝ երկրի և ազգի կերպարը շատ դրական չէ ներկայումս: Եթե 1994-ին աշխարհը շատ բարյացկամ էր մեր խնդիրների և ղարաբաղյան պայքարի հանդեպ, ապա այսօր պատկերն այլ է՝ մեր հակառակորդները տարիներով նպատակաուղղված աշխատել են այդ ուղղությամբ»,- ասել է նա:

Սարգսյանը հավելել է, որ ՀՀ նախագահն է, և նույնիսկ հայկական խորհրդարանական երկրում, որտեղ նախագահի գործառույթները չափազանց սահմանափակ են, նա ունի հստակ պարտականություններ և աջակցելու հնարավորություն։ Ըստ նրա՝ նախագահական ինստիտուտը պետք է օգտագործվի, որ առճակատումը փողոցից տեղափոխվի սեղանի շուրջ։

Սարգսյանը նշել է, որ շատ ավելին կարող է անել, սակայն բավականին դժվար է աշխատել սահմանափակումների պատճառով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։Նոյեմբերի 10-ից ՀՀ-ում վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ և այլ ակցիաներ են իրականացվում։