26 նոյեմբերի 2020 - 12:51 AMT
ՄԻՊ-ը հայտարարել է իր դեմ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից համակարգված ֆեյքային գրոհի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հիմնավոր ենթադրությամբ՝ ՄԻՊ նկատմամբ վերջին օրերին սոցիալական ցանցերում կեղծ օգտահաշիվներից հարձակումները կազմակերպվում կամ համակարգվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից:

«Ավելին, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների արդյունքների՝ այդ պաշտոնյաներից ոմանք անձամբ են վարում կեղծ էջեր ու այդ էջերից անձամբ են տարածում ատելություն, սպառնալիք ու վիրավորանք: Ստացվում է՝ ըստ էության գործ ունենք ատելության որջեր կազմակերպելու և վարելու հետ», - գրում է ՄԻՊ մամուլի խոսնակ Նունե Հովսեփյանը:

Նա ՄԻՊ անունից այդ պաշտոնյաներին խիստ զգուշացրել է անհապաղ դադարեցնել այս ծայրաստիճան վտանգավոր, որևէ տեսակի իրավական կարգավիճակից չբխող քայլերը, այդ թվում՝ հարձակումները Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ։