26 նոյեմբերի 2020 - 13:46 AMT
Կոմիտասի պողոտայում $10 մլն-ով հանգստի գոտի կկառուցվի

Կառավարությունը հավանություն է տվել ներդրումային մի ծրագրի, որով նախատեսվում է նոր զբոսայգի կառուցել Կոմիտասի պողոտայում։ 10 մլն դոլարի նեդրումային առաջարկը գործադիրի նիստում ներկայացրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

«Հայկ 88» ՍՊԸ-ին կառուցապատման իրավունքով հողամասեր են տրամադրվել։

«Հայկ 88» ՍՊԸ-ն Կոմիտասի պողոտայի 49/9 հասցեում 2774 քմ մակերեսով շինության սեփականատեր է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալ:

Ընկերությունը 10 մլն դոլար ներդրումով նախատեսում է հանգստի գոտի կառուցել Կոմիտասի պողոտայի 49/9 ու 49/10 հասցեներում, որը վերնանցումով կկապվի Կոմիտասի պողոտայի «Արաբկիր» մանկական այգու հետ։ Նախատեսվում է շատրվաններ և ջրավազաններ կառուցել, ամֆիթատրոն, ապահովել կաթիլային ոռոգում։

Նշվել է, որ ներկա դրությամբ այդ տարածքն անբարեկարգ վիճակում է։