26 նոյեմբերի 2020 - 13:49 AMT
ԱԳ նախարար․ Դիվանագիտական դաշտում ձախողում չի եղել

Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանը դիվանագիտական ճակատում ձախողում չի ունեցել, ձախողում եղել է ռազմադաշտում, քանի որ զինվորներն անհամաչափ ուժի են դիմադրել հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում և դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժի դեմ էին մեր զինվորները հերոսաբար դիմադրում: Հիմա ամբողջ մեր խնդիրը կայանում է նրանում, որ կայունանա իրավիճակը և խնդիրը տեղափոխվի դիվանագիտական դաշտ»,- ասել է Այվազյանը:

Ըստ նախարարի՝ դիվանագիտական առումով զինվորների առաջ իրենց պարտքն է արժանապատի լուծում գտնելը։

Հարցին, թե արդյոք ստորագրված եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմի համար կա մեկ դրական կետ, ԱԳ նախարարը պատասխալ է, որ դրականը պատերազմը դադրեցնելն էր։

Այվազյանն ԱԳ նախարար է նշանակվել պատերազմից հետո, երբ գործող նախարարը հրաժարական էր ներկայացվել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։