26 նոյեմբերի 2020 - 14:54 AMT
Պարգևավճար ստացել է միայն Շուշիում վիրավորված 2 աշխատակից․ Ավինյանի գրասենյակի պարզաբանումը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 25–ին որոշում է ստորագրել, որով «հոկտեմբերին կատարած բարեխիղճ աշխատանքի համար» նրա գրասենյակի աշխատակիցները խրախուսվում էին պարգևավճարով։ Որոշման մեջ հստակեցված չէր՝ քանի հոգի էր պարգևատրվում և ովքեր էին նրանք։

Նոյեմբերի 26-ին Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը, արձագանքելով պարգևավճարներ բաժանելու քննադատություններին, պարզաբանել է, որ պարգևավճար են ստացել փոխվարչապետի գրասենյակի 19 աշխատակցից միայն 2-ը:

«Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»,- նշել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Արցախում լայնածավալ պատերազմ է ընթացել, որը դադարեցվել է ՀՀ-ՌԴ-Ադրբեջան ստորագրված եռակողմ հայտարարությամբ։