26 նոյեմբերի 2020 - 16:17 AMT
Ադրբեջանի ԶՈւ անդամները ոչնչացնում, վնասում կամ պղծում են հայկական պատմական հուշարձանները

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ակտիվ գործողությունների ընթացքում, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման մասին ՀՀ, ԱՀ և ՌԴ-ի միջև հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները կանխամտածված և նպատակային հարձակման են ենթարկել նաև հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները՝ ոչնչացնելով, վնասելով կամ պղծելով դրանք: Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ։

Մասնավորապես՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը, պարբերաբար նպատակային հրետանային հարվածներ հասցնելով, վնասել են ԱՀ Շուշի քաղաքի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաև հետագայում պղծել են եկեղեցու արտաքին և ներքին պատերը՝ դրանց վրա կատարելով տարբեր գրառումներ:

Ադրբեջանի ԶՈւ նմանատիպ «վարքագծի» զոհ են դարձել նաև այլ հուշարձաններ, մասնավորապես՝ ԱՀ Ավետարանոց գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, Արցախի տարբեր բնակավայրերում տեղադրված խաչքարերը, հայ զինվորների գերեզմանոցները և նրանց հիշատակին կանգնեցված հուշաքարերը:

Հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոչնչացվել է Շուշի քաղաքի «Կանաչ ժամ»՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթը և զանգակատունը:

2020թ. նոյեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութի համաձայն՝ Ադրբեջանի զինծառայողները պղծել և վնասել են ԱՀ Մեխակավան բնակավայրի /Ջաբրահիլ/ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կոտրելով եկեղեցու խաչը։

Նույն օրը համացանցում հայտնված լուսանկարի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողը պղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանը՝ նստելով դրա վրա։

Նշված հանգամանքները քննության առարկա են դարձել ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 391-րդ հոդվածի 3-րդ մասով, 387-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում:

Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի բոլոր հանգամանքների բացահայտման, պատմական և պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները ոչնչացնելուն, վնասելուն, պղծելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնությունը պարզելու, ռազմական հանցագործություններին բնորոշ նման արարքներին լիարժեք քրեաիրավական գնահատականներ տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկում նշված արձանագրված փաստերի վրա ՅՈւՆԵՍԿՕ-ի, միջազգային այլ կառույցների ուշադրությունը հրավիրելու ուղղությամբ՝ գնահատական տալու վերոնշյալ հանցավոր դրսևորումներին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկելու Ադրբեջանի տիրապետության տակ անցած՝ Արցախի տարածքներում գտնվող հայկական պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող այլ կառույցների, հուշարձանների, առարկաների հնարավոր ոչնչացումը և վնասումը կանխելու, դրանց պահպանության և պաշտպանության գործուն մեխանիզմներ կիրառելու ուղղությամբ: