26 նոյեմբերի 2020 - 18:28 AMT
Լավրով․ ՀՀ-ն ու Ադրբեջանը ԵՄ-ի համար «երրորդ կարգի» երկրներ են, նրանց հետ համագործակցությունը կարող է սառեցվել

Եվրամիության շատ երկրներ ունակ չեն հրաժարվել «ուժի դիրքից մյուսների հետ խոսելու վերամբարձ սովորությունից», իսկ Հայաստանը և Ադրբեջանը նրանց համար «Երրորդ կարգի» երկրներ են, հայտարարել է Ռուսաստան արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այդ սովորությունը սահմանափակում է իրավահավասար, փոխհարգալից երկխոսության վերականգնման հնարավորությունը։ Նույնիսկ Արևելյան գործընկերության մասնակիցներին են կարգերի դասում։ «Երկրորդ կարգի» երկրների խմբին, որոնց հետ համագործակցությունը փաստացի կարող է սառեցվել, Ադրբեջանի ու Հայաստանի հետ միաժամանակ, դասվում է նաև Բելառուսը», - ասել է նա, «Իզվեստիան»։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ԵՄ-ի հետ իրենց հարաբերությունները բարդ են, և պատճառն անդամ մի շարք երկրների «ոչ գործընկերային, հաճախ ոչ բարեկամական պահվածքն է, որն արժանանում է ամբողջ Եվրամիության հավանությանը»։

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակում Ռուսաստանը ոչ թե մտածում է՝ ինչպես աշխատել Եվրամիության կառույցների հետ, այլ ուզում է հասկանալ՝ արդյո՞ք արժե համագործակցել նրանց հետ, քանի դեռ այդ կառույցներն այսպես են աշխատում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։