26 նոյեմբերի 2020 - 18:41 AMT
Իրարամերժ տեղեկություններ` Սոթքի հանքի մատույցներում ադրբեջանցիների մասին

Սոթք հանքի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ անհասկանալի, մի կողմից պատկան մարմինները հերքում են հանքի տարածք մտնելու տեղեկությունները, մյուս կողմից համացանցում հայտնվում են հայտարարություններ, որ ադրբեջանցիները մոտեցել են հանքին, անգամ մտել դրա տարածք։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը և վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում են Սոթքի ոսկու հանքավայր ադրբեջացիների ներխուժելու և հայերին տարածքն ազատելու վերջնաժամկետ տալու մասին լուրերը։

Ավելի վաղ միջադեպի մասին բարձրաձայնել էին Ազգային ժողովի պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Հարություն Բադալյանը, Շաքե Իսայանը և ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր։

Համացանցում նաև տեսանյութ է տարածվել՝ «ադրբեջանցի զինծառայողները Վարդենիսի Սոթքի ոսկու հանքի մատույցներում» նկարագրությամբ։ Տեսանյութում երևում են զենքով հայ և ադրբեջանցի զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնք ըստ ամենայնի կարող են լինել հանքի աշխատակիցներ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ադրբեջանցիները 80 հոգով են։

Մեկ այլ տեսանյութում, որը հրապարակել է ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանը, երևում է ադրբեջանցիների մեքենաների շարասյունը, որն, ըստ նրա, քանդել քխէ Քարվաճառի դարպասներն ու շարժվում է դեպի Սոթք։

Razm.info-ն գեոլոկացրել է Իսայանի տեղադրած տեսանյութը և պարզել, որ տեսանյութն իրոք նկարահանվել է Սոթքի հանքի տարածքից, տեսանյությում երևացող ճանապարհը Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի հատվածն է։

Կայքը գրում է, որ տեսանյութում երևացող հատվածը դարպասներից ճանապարհով շուրջ 3 կմ հեռու է, իսկ տեսանյութում երևացող շարասյունը շարժվում է հենց դարպասների ուղղությամբ:

PanARMENIAN.Net-ին չհաջողվեց մեկնաբանություն ստանալ հանքը շահագործող GeoProMining ընկերությունից և Գեղարքունիքի մարզպետարանից, ԱԱԾ-ից խոստացել են պարզել իրավիճակը։ Իսկ Սոթքի համայնքապետը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։

««Այո, ճիշտ է, ինֆորմացիան ճիշտ է, բայց այնպես չէ, որ դիվերսիա է անցել կամ հարձակում է, ուղղակի եկել են, որ իրենց տարածքները․․․։ Հիմա այնտեղ խոսակցություններ են գնում, ես այդ պահին այդտեղ չէի, բայց ես էլ զանգել և տեղեկացել եմ, որ այնտեղ հիմա այդ քննարկումներն են գնում։ Թե ինչո՞ւ են իրենք կարողացել գալ այդտեղ, ես դա չեմ կարող ասել»։ Համայնքապետին հարցրինք՝ ովքե՞ր են, քաղաքացիական անձինք էլ կան, թե՞ միայն ադրբեջանցի զինվորականներն են, պատասխանեց՝ «զինված ուժերն են», իսկ մեր կողմից ո՞վ է բանակցում, ո՞վ կա այնտեղ՝ հարցրինք համայնքապետին․ «Մեր կորպուսն է հիմա այնտեղ, բանակցություններ են գնում։ Ես ավել բան չեմ կարող ասել»,- ասաց համայնքապետը»,- գրում է թերթը։

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հերքել է ոսկու հանք մուտք գործելու լուրերն ու նշել, որ խնդիրը (Քարվաճառում-խմբ․) «դարպասի տեղադրման վայրի հետ է կապված»։