27 նոյեմբերի 2020 - 11:56 AMT
Ֆրանսիացի պաշտոնյայի պարզաբանումը․ Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը

Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայտարարել է տուրիզմի, արտասահմանյան ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, փոխանցում են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարությունից։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել էր պահանջել ԵԱՀԿ-ից` հետ կանչել Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Փարիզից արձագանքել են հենց այս հայտարարությանը։

Լեմուանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել» և իրենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավորություն ունեն բանակցային լուծում գտնելու։

Լեմուանը նշել է, որ Ֆրանսիայի համար առաջնահերթություն է հակամարտության պատճառով տեղահանվածների անվտանգ վերադարձը ԼՂ։

«Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ֆրանսիան կպարտավորվի առաջ շարժվել բոլոր այն չափանիշներով, որոնք դեռ պետք է բանակցվեն նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, մասնավորապես հակամարտության ընթացքում տեղակայված օտարերկրյա վարձկանների հեռացումը կամ տարածաշրջանի պատմական ու մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվել է նաև, որ Ֆրանսիան վճռական է տրամադրված` հասնելու հակամարտության տևական կարգավորման, տարածաշրջանի ժողովուրդների անվտանգության և արժանապատվության պահանջներով:

Սենատի ընդունած նախագծով Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Քվեարկությանը մասնակցել էր Սենատի 306 անդամ, դեմ էր եղել նրանցից միայն մեկը։