27 նոյեմբերի 2020 - 12:27 AMT
Ստեփանակերտի էլեկտրա- և գազամատակարարումը 95%-ով վերականգնվել է

Ստեփանակերտի էլեկտրա- և գազամատակարարումը 95%-ով վերականգնվել է ռուս խաղաղապահների աջակցությամբ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Քաղաքի էլեկտրա- և գազամատակարարումը վերականգնվել է 95-97%-ով։ Վերսկսվել է էլեկտրաենթակայանի աշխատանքը։ ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնը հետազոտել է տեղանքը, որտեղ անցկացվել են վերանորոգման և վերականգնման աշխատանքներ, այդ թվում՝ 2 դպրոցի, որտեղ շուտով կվերսկսի ուսումնական գործընթացը»,- ասել են նախարարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ստեփանակերտում վերականգնվել է նաև քաղաքային տրանսպորտի աշխատանքը։

«Ռուս խաղաղապահ զորակազմի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական իշխանություններին ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և Ստեփանակերտի սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման գործում»,- ասել են գերատեսչությունում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։