ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ պատերազմում պարտության, դրան հետևած իրավիճակի ու անելիքների մասին, ինչպես նաև անդրադարձել ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մեղադրանքներին։ Փաշինյանը, թերևս, առաջին անգամ երկարատև ժամանակ անց ավարտել է իր հանրային ուղերձն առանց ավանդական «Կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք Ազատ և Երջանիկ Հայաստանում» նախադասության:
Փոխարենը նա ասել է՝ «Կեցցե հայ ժողովուրդը»։
Ելույթի կարևոր թեզերը՝ ստորև․
- Ներհայաստանյան որոշ խմբեր՝ արտաքին ուժերին համընթաց, բորբոքում են ազգի խոցերը:
- Նրանք «խրախճանք» էին սարքել Սոթքի հանքի շուրջ տեղի ունեցած միջադեպի պատճառով, իսկ սահմանազատումը գնում է խորհրդային սահմաններով․ հանքի մի մասը նախկին Ադրբեջանի ԽՍՀ տարածքում է։
- Նրանց նպատակներից է տպավորություն ստեղծել, թե երկրում անիշխանություն է, քաոս սերմանել, ավտոմատավորներով երկիրն ազատ անկման վիճակում դնել ու հետ գալ իշխանության:
- Պատերազմի ժամանակ իշխանությունն ասում էր ճշմարտությունը, սակայն պատերազմական ժամանակներին հատուկ լեզվով, ինչպես, օրինակ, տեղեկացվում էր Հադրութի, Մարտունու, Շուշիի մերձակայքում մարտերի կամ Սյունիքի ինքնապաշտպանության մարտերի մասին:
- Մովսես Հակոբյանն ապօրինի միջամտությամբ առնվազն կիսում է պատասխանատվությունը 9-րդ պաշտպանական շրջանի անկման համար, նա թիրախ է դարձրել վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ մոռանալով հարցնել «իսկ ի՞նչ գործ ուներ վարչապետի կինը հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության 70 տոկոսը լքել էր քաղաքը․․․ Բադեն-Բադե՞ն էր Ստեփանակերտը, որ այնտեղ լինելը ներկայացվում է որպես ցոփության օրինակ»:
- Փաշինյանը մեկնաբանել է իր տիկնոջ՝ հրամանատարական «բունկերում» գտնվելու հայտարարությունը․ «Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, ՊԲ հրամանատարական կետ ՊԲ-ին բարոյական զորակցություն հայտնելու նպատակով այն պայմաններում, երբ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ լքում են բնակավայրերը, այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն, որ նա գտնվում է Ստեփանակերտում, քաղաքական շահարկում դարձնելը ի՞նչ գործելակերպ է»:
- Աննա Հակոբյանն այլ տեղ գտնվելու չուներ և եկել էր Արցախ՝ հումանիտար օգնության համար:
- Պետք է ձեռք բերված խաղաղությունը երկարատև դարձնել, եթե հաջողվի մշտական դարձնել՝ շատ ավելի լավ։
- ՀՀ ու Արցախի շուրջ կայունություն ապահովելու համար պետք է նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները կյանքի կոչել, որոնց թվում է անհետ կորածների փնտրտուքի ակտիվացումն ու գերիների վերադարձը։
- Անհետ կորածների ծնողները ճիշտ են, և մենք պետք է արագ գործենք։
- Տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացումը կփոխի տարածաշրջանի ու Հայաստանի կերպարը։