27 նոյեմբերի 2020 - 17:52 AMT
Պուտինն ԱԽ հետ քննարկել է ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար կենտրոնի և ոռւս խաղաղապահների աշխատանքը։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Խոսակցություն է եղել Ղարաբաղում ռուս խաղաղապահների և հումանիտար կենտրոնի աշխատանքի մասին։ Այդ համատեքստում նախագահը տեղեկացրել է մասնակիցներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հեռախոսազրույցների մասին»,- ասել է Պեսկովը։

Ըստ նրա՝ քննարկվել են նաև ներռուսաստանյան օրակարգային հացեր։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, նույնը պետք է անի Քարվաճառի պարագայում՝ վերջնաժամկետը նոյեմբերի 25-ն է, իսկ մինչև դեկտեմբերի 1-ը` դուրս գա Լաչինից։

Photo. Ria Novosti