28 նոյեմբերի 2020 - 10:48 AMT
ԿԽՄԿ. Դիերի որոնմանը խոչընդոտում են ականապատ տարածքներն ու վատ եղանակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ:

Վարչապետը մտահոգություն է հայտնել գերիների հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնման աշխատանքների ծավալների կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը:

Վարչապետը նշել է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների կողմից գերեվարված անձանց վիճակի, առողջության, պահման պայմանների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Մեյթրոն մանրամասն վարչապետին է ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, տեղեկացրել հայ գերիների հետ հանդիպումների մասին։ Որոնման աշխատանքների առավել արագ իրականացման հարցում որպես խոչընդոտ նա նշել է ականապատված տարածքների, ինչպես նաև եղանակային վատ պայմանների առկայությունը:

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը Լեռնային Ղարաբաղում թուրք-ադրբեջանական ուժերի սանձազերծած պատերազմ է ընթացել։ Այն ավարտվել է նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ, Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ։ Այդ հայտարարության կետերից մեկով կողմերը պետք է փոխանակեն զոհվածների մարմիններն ու գերիներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայնել է, որ գերիների փոխանակումը կկատարվի մարմինների փոխանակումից հետո։ Այդ գործընթացը սկսված է։