28 նոյեմբերի 2020 - 10:55 AMT
ԱԳ նախարարը` Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին. Կարևոր է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ հանդիպմանը կարևորել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը՝ որպես անհրաժեշտ պայման իր պատմական հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապագա կառուցելու համար:

Ժան-Բատիստ Լըմուանը ղեկավարում է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությունը:

Նրանք մտքեր են փոխանակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում արցախահայության իրավունքների և շահերի հասցեագրման շուրջ:

Այվազյանը շնորհակալություն է հայտնել այս դժվարին ժամանակաշրջանում Հայաստան այցելության և արցախահայությանը ցուցաբերած համերաշխության համար:

Հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարարը և Ֆրանսիայի պետքարտուղարը շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովելու և նրանց իրավունքների պաշտպանելու ուղղությամբ քայլերի հրատապությունը։ Այդ համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և ժողովրդին այս ճակատագրական պահին արցախահայության կողքին լինելու համար։

Նախարար Այվազյանը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն: Այս համատեքստում երկուստեք նշվել է Թուրքիայի կողմից տարածաշրջան տեղափոխված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին դուրս բերելու կարևորությունը միջազգային և տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

Ժան-Բատիստ Լեմուանը, ավելի վաղ արձագանքելով Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունմանը, հայտարարել էր, որ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցի շուրջ և այս բանակցությունների արդյունքը «չի կարող նախապես և միակողմանիորեն որոշված լինել» և իրենք, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, պարտավորություն ունեն բանակցային լուծում գտնելու։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանն առաջարկել էր պահանջել ԵԱՀԿ-ից` հետ կանչել Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից։ Փարիզից արձագանքել են հենց այս հայտարարությանը։