28 նոյեմբերի 2020 - 12:29 AMT
Արմեն Սարգսյանը մասնավոր այցով Մոսկվայում է. Հանդիպելու է հայ համայնքի հետ

Հայաստանի​ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։ Նա շարունակում է քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ։

Նշվում է, որ նախագահը հանդիպելու է Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Արցախում սեպտեմբերի 27-ից ընթացող պատերազմը դադարեցնելու մասին նոյեմբերի 10-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո Սարգսյանը հայտարարել էր՝ հանդիպումների և քննարկումների շարք է սկսում քաղաքական ուժերի և մտահոգ շրջանակների հետ։

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իր կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժն օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները. դրանց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։